Դպրոցի պատմություն

Պատմական Սյունիք աշխարհի նշանավոր բնակավայրերից է Բռնակոթը՝ իր յուրօրինակ նիստ ու կացով, իր արարումի ինքնատիպ բնութագրով:

Բռնակոթում միշտ էլ հարգի են եղել ուսումը, գիրն ու գրականությունը: Այդ մասին է վկայում գյուղի 137-ամյա դպրոցը: Դպրոց կառուցելու թույլտվությունը 1879թ. տրվել է Գևորգ կաթողիկոսի կողմից, ում դիմել են մի խումբ բռնակոթցիներ դպրոց բացելու խնդրանքով: Կաթողիկոսը ընդառաջելով բռնակոթցիների ցանկությանը՝ 1879թ ապրիլի 13-ին նո 147  կոնդակով հայտնում է. <<Ի խնդրագրութեն ձերմէ ծանեանք, զի բարեպաշտութիւն ցանկանալով ունիլ ի գեղջ ձերում զծխական ուսումնարան մի վասն դաստիարակութեան որդւոց և սերնդոց հայկազնէից բնակելոց ի Մերով այսու հայրապետական կոնդակը ի պաշտօն հոգեբարձութեան որպես շտեմարանիդ զօր յայս նպատակ շինեալ էք ի սրահի սուրբ Գրիգոր եկեղեցւոց ձերում գեղջ>>:

Եվ մի խումբ երեխաներ հենց եկեղեցում գրաճանաչություն են սովորում: 1881թ. Րաֆֆին գալիս է գյուղ և Մելիք-Ղուկասի որդու՝ Կարապետ բեկի առջև դնում է դպրոց կառուցելու խնդիրը: 1882թ. Բռնակոթում բացվում է ծխական դպրոց: Բռնակոթցի պատմաբան Տաճատ Սահակյանը դպրոցի մասին գրում է. <<Բռնակոթ գյուղի եկեղեցուն կից դպրոցը ընդհատումներով գործել է մինչև 1805թ., ապա շարունակաբար գործել է 1850-ական թվականներից: Սակայն կանոնավոր ուսուցումն սկսվել է 1870-ական թվականներից>>:

1931թ. երկրաշարժից քանդվեց 1882թ. եկեղեցուն կից կառուցված դպրոցը: 1932-33 ուստարում կառուցվեց նոր դպրոցական շենք, որտեղ ուսում են ստացել մինչև 1939թ.: 1939թ. կառուցվել է դպրոցական նոր շենք, որը կանգուն է մինչ օրս:

1984թ. շահագործման է հանձնվել նոր դպրոցական շենքը, որտեղ էլ իրականացվում է կրթական գործընթացն առ այսօր: